ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Հայփոստ Յու Էս Էյ Քորփ.» Կորպորացիայի և Հաճախորդի միջև կնքվող պայմանագիր

Գլուխ 1

Ընդհանուր դրույթներ

1. Սույն փաստաթուղթը Պայմանագիր է՝ կնքված «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ.» Կորպորացիայի (այսուհետ՝ Կորպորացիա) և սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող դիմում-հայտարարագիրը (այսուհետ՝ Հայտարարագիր) ստորագրող անձի (այսուհետ՝ Հաճախորդ) միջև: Սույն պայմանագրի շրջանակներում Հաճախորդի առաջադրանքով Կորպորացիան պարտավորվում է ստորև ներկայացված պայմաններով ՇոփԻն ապրանքանիշի ներքո Հաճախորդին մատուցել Փոստային հասցեների տրամադրման և սպասարկման, ծանրոցների փոխադրման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքման, Հաճախորդի հանձնարարությամբ ապրանքների գնման (Գնիր Ինձ համար ծառայություն), ինչպես նաև հարակից այլ ծառայություններ (այսուհետ նաև՝ Ծառայություններ), իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների դիմաց և կատարել սույն պայմանագրում, ինչպես նաև www.shopin.am կայքում ներկայացրած պայմաններով իր այլ պարտավորությունները:

2. Սույն փաստաթղթում ԴՈՒՔ և ՁԵՐ բառերը վերաբերում են անձամբ Ձեզ (եթե Դուք անհատ եք) կամ Ձեր ներկայացրած Ընկերությանը (եթե Դուք գրանցվել եք իրավաբանական անձի անունից), իսկ ՄԵՆՔ և ՄԵՐ բառերը վերաբերում են Հայփոստ Յու Էս Էյ Կորպորացիային, որը ծառայություններ է մատուցում ՇոփԻն անվան ներքո:

3. Մենք կարող ենք յուրաքանչյուր պահի փոփոխել Ծառայությունների մատուցման պայմաններն ու ժամկետները՝ հրապարակելով փոփոխությունները www.shopin.am կայքում, ինչպես նաև ծանուցելով Ձեզ սույն Պայմանագրով սահմանված կարգով: www.shopin.am կայքից և/կամ որևէ Ծառայությունից օգտվել շարունակելով՝ Դուք համաձայնում եք նշված փոփոխություններին:

4. ՇոփԻն ապրանքային նշանի ներքո մատուցվող Ծառայություններից կարող եք օգտվել այն դեպքում, եթե Ձեր համակարգչի ծրագրային համակարգը համապատասխանում www.shopin.am կայքի հավելվածին: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում հետևանքների համար, եթե www.shopin.am կայքը որևէ տեխնիկական պատճառով հասանելի չի լինում:

5. Այն պահից, երբ Դուք գրանցվում եք Ծառայությունների համար և ստանում եք անձնական տվյալներ տրամադրելու խնդրանքը, Դուք մուտք եք գործում ապահով միջավայր, որի անվտանգության նկատառումներով կիրառված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի լուծումներ: Ձեր բրաուզերի և ՇոփԻն կայքի միջև կապը պաշտպանված կլինի անվտանգության անհրաժեշտ հավաստագրերով:

6. Դուք պատասխանատու եք www.shopin.am կայքի Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար Ձեզ տրամադրված օգտանվան և գաղտնաբառի ապահովությունն ու գաղտնիությունը պահպանելու համար: Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր գաղտնաբառի ընդունումից հետո կայք մուտքի թույլատվության պահից իրականացվող բոլոր գործարքների համար:

7. Դուք պատասխանատու եք վաճառակետից մինչև ՇոփԻնյի՝ Ձեր ամերիկյան հասցեն Ձեր պատվերի առաքման համար, այդ թվում՝ դրա հետ կապված բոլոր ծախսերի համար:

Գլուխ 2

Ապրանքային նշաններ և հեղինակային իրավունք

8. «Հայփոստ»-ը, «ՇոփԻն»-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի նշանակված օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի գրանցված ապրանքային նշաններն են և դրանց նկատմամբ հեղինակային իրավունքները պատկանում են «Հայփոստ» ՓԲԸ-ին:

9. Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել առանց «Հայփոստ» ՓԲԸ-ի նախնական գրավոր համաձայնության:

Գլուխ 3

Ապրանքային նշաններ և հեղինակային իրավունք

10. «ՇոփԻն» ապրանքային նշանի ներքո «Հայփոստ Յու Էս Էյ» Կորպորացիան առաջարկում է Ձեզ հետևյալ ծառայությունները՝

1) Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենալ անհատական հասցե,

2) անհատական հասցեով ստանալ փոստային կամ սուրհանդակային առաքանիներ կամ ապրանքներ (այսուհետ՝ Առաքանի),

3) անհատական հասցեին ստացված Առաքանիներն ուղարկել Հայաստանի Հանրապետություն Ձեր կողմից նշված հայաստանյան հասցեին՝ սույն Պայմանագրով և www.shopin.am կայքում հրապարակված այլ պայմաններով,

4) առաքանիները Հայաստանի Հանրապետությունում ստանալ անձամբ կամ Ձեր կողմից նշված անձանց միջոցով,

5) անհատական հասցեին ստանալ ցանկացած կարգով ուղարկված Առաքանի, այդ թվում՝ հեռակա առևտրի միջոցով, ներառյալ՝ էլեկտրոնային կայքերից էլեկտրոնային եղանակով կնքված գործարքներով ձեռք բերված ապրանքներ ներառող Առաքանիներ,

6) ապրանքներ գնելու համար օգտվել « Գնիր Ինձ համար » ծառայությունից,

7) օգտվել ՇոփԻն ապրանքային նշանի ներքո առաջարկվող այլ ծառայություններից:

Գլուխ 4

Ձեր անհատական հասցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Անհատական հասցե ստանալու ընթացակարգը

11. www.shopin.am կայքում գրանցվելու և ԱՄՆ-ում Ձեր անձնական հասցեն ստանալու համար Դուք պետք է կատարեք հետևյալ գործողությունները՝

1) մուտքագրեք Հայտարարագրի ձևաթղթով պահանջվող տեղեկություններն ըստ հերթականության՝ իրականացնելով կայքի ցուցումները,

2) ծանոթացեք Կայքում հրապարակված դրույթներին և պայմաններին,

3) պայմանագրի կնքման գործընթացն ամբողջացնելու և պայմանագիրը կնքելու նպատակով սեղմեք «Հավաստում եմ սույն դիմումի մեջ լրացված տվյալների իսկությունը» և «Կարդացել եմ և ընդունում եմ դրույթներն ու պայմանները» ցուցումները, եթե իրականում համաձայն եք պայմանագրի կնքմանը կամ սեղմեք «Չեղարկել» ցուցումը, եթե համաձայն չեք բոլոր կամ որևէ դրույթի կամ պայմանի և չեք ցանկանում այդ պայմաններով պայմանագիր կնքել,

4) Կայքի ցուցումներով անհրաժեշտ գործընթացներն իրականացնելով և Դրույթներն ու պայմաններն ընդունելով՝ Դուք պայմանագիր եք կնքում Կորպորացիայի հետ, որի շրջանակներում հնարավորություն եք ստանում օգտվելու սույն փաստաթղթով և www.shopin.am կայքով նախատեսված Ծառայություններից, այդ թվում՝ ստանում եք Ձեր անհատական հասցեները ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա և Դելավեր նահանգներում:

12. www.shopin.am կայքի միջոցով Դուք ծանուցվում եք սպասարկման մի շարք այլ կանոնների մասին, այդ թվում՝ զանգերի կենտրոնի միջոցով սպասարկվելու, փոստային բաժանմունքներ այցելելու միջոցով սպասարկվելու, էլեկտրոնային կայքերից գնումներ կատարելու և այլ պայմանների մասին: www.shopin.am կայքում հրապարակված Ծառայությունների պայմանները ևս հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մաս:

13. Կորպորացիան պարտավորվում է Ձեր փոստային անհատական հասցեով ստացված առաքանիները դրանց ստացման օրը կամ դրան հաջորդող օրը ձևակերպել Ձեր անհատական հասցեում՝ համապատասխան տեղեկատվությունը տեղադրելով նաև սպասարկող ծրագրային համակարգի՝ Ձեր անհատական հասցեի մասում, ինչի արդյունքում կողմերն ընդունում են, որ ապահովված է համարվում առաքանու ստացման մասին տեղեկատվության հասանելիությունը Ձեզ: Ստացված Առաքանու մասին տեղեկատվության վերաբերյալ Ձեզ իրազեկման գործընթացը կատարվում է բացառապես սույն Պայմանագրով սահմանված կարգով:

14. Սույն Պայմանագրով Կողմերն ընդունում և հավաստում են, որ Ձեր անհատական հասցեով ուղարկված վնասված կամ քաշի պակասով առաքանիները Կորպորացիան չի ընդունի և հետ կառաքի ուղարկողին: Կողմերն ընդունում և հավաստում են նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ առաքանին Ձեր անհատական հասցեին կուղարկվի հասարակ ձևակերպմամբ, այն է՝ առաքանու հանձնումը Կորպորացիային կիրականացվի առանց առձեռն հանձնելու և առանց ստորագրության հանձնման գործընթացի միջոցով (առաքանին կթողնվի մուտքի դռան մոտ և այլն), ապա վնասված կամ կորած առաքանիների համար Կորպորացիան պատասխանատվություն չի կրի, ինչպիսի դեպքերում Կորպորացիան անհրաժեշտ տեղեկատվություն կհաղորդի Ձեզ՝ ներկայացնելով նաև առաքանու լուսանկարները, և հետագա գործողությունները կկատարի Ձեր հանձնարարականի հիման վրա:

15. Ձեր անհատական հասցեին առաքանիներ ստանալու նպատակով Դուք պետք է գրեք Ձեր ամբողջական անհատական հասցեն:

Գլուխ 5

Անհատական հասցեի փակելու կարգը

16. Դուք ամեն պահի կարող գրավոր կարգով դիմել Կորպորացիային Ձեր անհատական հասցեն փակելու առաջարկով:

17. Անհատական հասցեն փակելու դիմումը ստանալուց հետո Կորպորացիայի և «Հայփոստ» ՓԲԸ-ի իրավասուները կապ կհաստատեն Ձեզ հետ և անհրաժեշտ գործընթացներն իրականացնելուց հետո կիրականացվի անհատական հասցեի ապաակտիվացման և փակման գործընթացը: Մինչև անհատական հասցեն փակելը, Դուք պարտավոր եք որևէ կերպով տնօրինել Ձեր անհատական հասցեին այդ պահին առկա առաքանիները:

18. Անահատական հասցեն փակվելու արդյունքում սույն պայմանագիրը կհամարվի լուծված: Սույն պայմանագիրը չի կարող լուծվել, քանի դեռ փոխադարձ պարտավորությունները Ձեր և Կորպորացիայի միջև վերջնականորեն դադարած չեն, այդ թվում՝ քանի դեռ դուք չեք տնօրինել Ձեր անհատական հասցեին ուղարկված և Կորպորացիայի կողմից ընդունված առաքանիներն ու ապրանքները:

Գլուխ 6

«Գնիր Ինձ համար» ծառայությունը

19. «ՇոփԻն» ապրանքանիշի ներքո մատուցվող ծառայությունների շրջանակներում արդեն իսկ գրանցված Հաճախորդները կայքի համապատասխան հղումները կիրառելով կարող են պատվիրել «Գնիր ինձ համար» ծառայությունը՝ սույն գլխում ներկայացված կարգով:

20. «Գնիր ինձ համար» ծառայություն պատվիրելու համար Կայքի հղումներին համապատասխան Պատվերներ դաշտում Դուք պետք է նշեք անհրաժեշտ տվյալներ պատվիրվող ապրանքների մասին: Եթե արդեն իսկ ընտրել եք ապրանքը, ապա կայքի հղումներին համապատասխան ներկայացնում եք ապրանքի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունները՝ (ա).Ապրանքի անվանումը, (բ).Ապրանքի հղումը համապատասխան կայքից, (գ).Քանակը, (դ) գինը, (ե) Չափսը, (զ) Գույնը, (է) Զեղչի պրոմո կոդը (առկայության դեպքում), (ը) Փոխադրման տեսակը, (թ) Առաքման նվազագույն գումարը, (ժ) այլ նշումներ:

21. Պատվերը գրանցելուց հետո Կորպորացիայի աշխատողը կատարում է ապրանքի ամրագրում:

22. Ստանալով համապատասխան տեղեկատվությունը Կորպորացիայի կողմից ապրանքի կարգավիճակի մասին՝ Հաճախորդի կողմից պետք է կատարվի պատվերի հաստատում և վճարում, այնուհետև Կորպորացիան իրականացնում է գնման գործընթացը Հաճախորդի փոխարեն:

23. Եթե նախքան պատվերի համար գնման գործընթացի կազմակերպումը տեղի է ունենում գնի նվազում, հաճախորդի շահերից ելնելով, Կորպորացիան կատարում է գնման գործընթացը, իսկ գումարի մնացորդը կա´մ օգտագործվում է որպես կանխավճար առաքման ծառայությունից օգտվելու համար, կա´մ հետ է վերադարձվում Ձեզ:

24. Եթե նախքան պատվերի համար գնման գործընթացի կազմակերպումը, տեղի է ունենում գնի ավելացում, ապա Կորպորացիայի աշխատակիցը կապ է հաստատում Ձեր հետ՝ հետագա քայլերի մասին հասատում ստանալու համար:

25. Եթե նախքան պատվերի համար գնման գործընթացի կազմակերպումը, տվյալ ապրանքը ստանում է «Առկա չէ պահեստում» կարգավիճակը, ապա Կորպորացիայի աշխատակիցը կապ է հաստատում Ձեր հետ՝ հետագա քայլերի մասին հաստատում ստանալու համար:

26. Եթե դեռևս չեք ընտրել ապրանքը որևէ կայքից, ապա կարող եք դիմել Կորպորացիային Ձեր փոխարեն ապրանքի փնտրում կատարելու և անհրաժեշտ առաջարկներ ներկայացնելու նպատակով:

27. Առաքման գումարը վճարելուց հետո Դուք կստանաք Ձեր պատվերը 7 - 14 աշխատանքային օրվա ընթացքում, եթե նախընտրեք ՕԴԱՅԻՆ ճանապարհով առաքումը, կամ 45 - 75 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ընտրեք ԾՈՎԱՅԻՆ ճանապարհը: Սույն կետում նշված ժամկետները կարող են փոփոխվել, եթե տեղի են ունենում չնախատեսված փոփոխություններ կամ ուշացումներ փոխադրման գործընթացների կամ մաքսային ընթացակարգերի կիրառմամբ պայմանավորված կամ ուշացումը պայմանավորված է այլ այնպիսի գործընթացներով, որոնք չեն իրականացվում անմիջականորեն Կորպորացիայի և/կամ Հայփոստի կողմից:

28. ՇոփԻն ապրանքանիշի ներքո մատուցվող ծառայությունների շրջանակներում կայքում չգրանցված Հաճախորդները, որոնք ցանկանում են օգտվել «Գնիր ինձ համար» ծառայությունից, կարող են իրենց համաձայնությունը տալ «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցներին իրենց գրանցել կայքում, որի միջոցով վերջիններիս կտրամադրվեն անհատական հասցեներ: Տվյալ դեպքում Հաճախորդը կայքում չի ունենում իր անունով բացված անհատական հաշիվ, չի կարող ներկայացնել իր էլեկտրոնային հասցեն, և Կորպորացիայի հետ ցանկացած գրագրություն, որը պայմանավորված է սույն Պայմանագրի դրույթների շրջանակներում մատուցվող ծառայությունից, տեղի է ունենում «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցի միջոցով: Այս դեպքում Հաճախորդը «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցին տալիս է իրավասություն մուտք գործել իր անհատական հասցե, հետևել և վերահսկել առաքանիների ստացման, փոխադրման, փոփոխման գործընթացներին: Ցանկացած ժամանակ կայքում արդեն գրանցված Հաճախորդը կարող է ՇոփԻն կայքում ունենալ նաև իր անհատական հաշիվը և ինքնուրույն օգտվել սույն Պայմանագրով մատուցվող ծառայությունից: Այս պարագայում Հաճախորդը պետք է մոտենա փոստային բաժանմունքի աշխատակցին և լրացնի ՇոփԻն կայքում անհատական հաշիվ բացելու վերաբերյալ դիմում՝ նշելով իր էլեկտրոնային հասցեն: Դիմումի հիման վրա Հաճախորդին կտրամադրվի ՇոփԻն կայքի իր անհատական հաշիվ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ (գաղտնաբառն այնուհետև Հաճախորդի կողմից ենթակա է փոփոխության):

Գլուխ 7

Անհատական տվյալների օգտագործում, լիազորությունների տրամադրում, ծանուցումներ, մաքսային հարցեր

29. Սույն պայմանագրով Դուք թույլտվություն եք տրամադրում Կորպորացիային ծառայությունների մատուցման նպատակներով օգտագործելու Ձեր անհատական տվյալները, այդ թվում՝ գաղտնի տվյալներ, որոնք Կորպորացիային հայտնի կդառնան սույն Պայմանագրով սահմանված գործընթացներն իրականացնելիս, և որոնք Կորպորացիայի կողմից կօգտագործվեն միայն և բացառապես սույն Պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով:

30. Դուք թույլատրում եք Կորպորացիային բացել Ձեր անհատական հասցեով ստացված Առաքանիները, ծանոթանալ դրանցում առկա հաշվարկային փաստաթղթերին և ապրանքներին, իրերին կամ փաստաթղթերին, Առաքանիների հետագա առաքման համար անհրաժեշտ ձևակերպումներ կատարել, Ձեր անունից և որպես Ձեր հանձնարարություն լրացնել առաքանիներում ներդրված ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագրեր և այլ ձևաթղթեր, իրականացնել առաքանիների առաքման համար անհրաժեշտ այլ գործողություններ:

31. Կորպորացիայի հետ կնքված սույն Պայմանագրով Դուք Կորպորացիային լիազորում եք Ձեր անունից իրականացնելու հետևյալ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Ձեր անհատական հասցեով ստացված Առաքանիների ընդունման, դրանց մշակման, փոխադրման և Հայաստանի Հանրապետությունում դրանց՝ փոստային կանոններով սահմանված կարգով ընդունման, տեսակավորման, փոխադրման և առաքման համար:

32. Կորպորացիային Դուք մասնավորապես լիազորում եք՝

1) Ձեր անունից ընդունել Ձեր անհատական հասցեով ստացված առաքանիները,

2) բացել ստացված առաքանիները՝ դրանցում առկա հաշվարկային փաստաթղթերին ծանոթանալու համար,

3) հաշվարկային փաստաթղթում առկա տվյալների, ինչպես նաև սույն Պայմանագրով սահմանված դեպքերում, Ձեզանից ստացված տվյալների հիման վրա Ձեր անունից և որպես Ձեր հանձնարարություն լրացնել Առաքանու առաքման համար անհրաժեշտ մաքսային հայտարարագիր և փոստային կանոններով սահմանված այլ փաստաթղթեր՝ նախապես համադրելով առաքանու մեջ առկա փաստացի ապրանքները հաշվարկային փաստաթղթերի կամ Ձեզանից ստացված տվյալների հետ,

4) հաշվարկային փաստաթղթի և առաքանու ներդրանքի համեմատում իրականացնելու և Կորպորացիայի կողմից առաքանիների փոստային առաքումը կատարելու նպատակով իրականացնել անհրաժեշտ այլ գործընթացներ, որոնք նկարագրված են սույն Պայմանագրով և(կամ) սահմանված են օրենսդրությամբ և(կամ) Կորպորացիայի կողմից հաստատված ներքին իրավական ակտերով,

5) Առաքանիներում փոստային առաքումների կամ փոքր բեռների փոխադրումների համար արգելված իրեր կամ առարկաներ հայտնաբերելու դեպքում հանել դրանք առաքվող ապրանքների ցանկից՝ նախապես տեղեկացնելով այդ մասին Ձեզ,

6) «Հայփոստ» ՓԲԸ-ին փոխանցել Ձեր անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են և բավարար սույն Պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումն ապահովելու համար, և որոնք չեն կարող օգտագործվել որևէ այլ նպատակի համար՝ հիմք ընդունելով փոստային կապի գաղտնիության պահպանման օրինական պահանջները:

33. Սույն Պայմանագրով Դուք ընդունում և հավաստում եք, որ ծանուցված եք սույն կետով ստորև ներկայացված էական պայմաններին՝

1) Դուք լիարժեք իրազեկված եք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պայմանների մասին, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպումներ և վճարումներ կատարելու անհրաժեշտության մասին,

2) Դուք լիարժեք իրազեկված եք ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների և արգելքների մասին, որոնք սահմանված են կամ կսահմանվեն առաքանիների ընդունման և առաքման ընթացքում,

3) Եթե Հայաստանի Հանրապետությունում Ձեր անհատական հասցեից ուղարկված Առաքանին ստացողը հանդիսանում եք Դուք, ապա Հայաստանի Հանրապետությունում Դուք չեք կարող հրաժարվել առաքանու ընդունումից և պահանջել հետ առաքել առաքանին: Առաքանուց Դուք կարող եք հրաժարվել միայն հօգուտ պետության՝ ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով,

4) Եթե Հայաստանի Հանրապետությունում Ձեր անհատական հասցեից ուղարկված Առաքանին ստացողը հանդիսանում է այլ անձ, որի վերաբերյալ տվյալները նշվել են Ձեր կողմից որպես ստացող (օրինակ՝ Ձեր ընտանիքի անդամը), ապա այդ անձին ծանուցումը առաքանին ստանալու անհրաժեշտության մասին իրականացնում եք Դուք և Կորպորացիան որևէ պարտավորություն չունի նման ծանուցում իրականացնելու առնչությամբ,

5) Դուք տեղեկացված եք այն մասին, որ առաքանիները Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից կամ Ձեր նշած հասցեատիրոջ կողմից ենթակա են ստացման ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված որոշակի ժամկետի ընթացքում, որի լրանալուց հետո, եթե Դուք չստանաք Առաքանին կամ չիրականացնեք ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ գործողությունները, Առաքանու ստացման նկատմամբ կարող են կիրառվել ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ,

6) Եթե ցանկացած պատճառով փոստային առաքանիները չեն ստացվել Ձեր կողմից, կամ առաքանիների մուտքն արգելվել է Հայաստանի Հանրապետության կամ ԱՄՆ-ի կամ տարանցիկ երկրի մաքսային մարմինների կողմից՝ արգելված ներդրանքի պատճառաբանությամբ կամ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված այլ պատճառներով, ապա նման իրավիճակների համար «Հայփոստ» ՓԲԸ-ն կամ Կորպորացիան Ձեր առջև որևէ պատասխանատվություն չեն կարող կրել, քանի որ տվյալ դեպքում վարչաիրավական համապատասխան հարաբերությունները ծագում են Ձեր և համապատասխան մաքսային մարմինների միջև,

7) Եթե առաքանիներն առգրավվեն կամ բռնագրավվեն կամ ոչնչացվեն համապատասխան երկրի մաքսային մարմինների կողմից կամ արգելվի դրանց հետագա առաքումը կամ դրանք պահվեն որոշակի ժամանակահատվածում կամ որևէ այլ կերպով խոչընդոտվի կամ արգելվի դրանց հետագա առաքումը, ապա Դուք ընդունում եք, որ նման իրավիճակների համար պատասխանատվություն չի կարող կրել «Հայփոստ» ՓԲԸ-ն կամ Կորպորացիան, և պահանջները ենթակա են ներկայացման համապատասխան մաքսային կամ պետական մարմիններին,

8) Մինչև Հայաստանի Հանրապետություն առաքանիների՝ սույն Պայմանագրով սահմանված (www.shopin.am կայքում տեղադրված) փոխադրման և/կամ առաքման ժամկետները կարող են փոփոխվել, եթե տեղի են ունենում չնախատեսված փոփոխություններ կամ ուշացումներ փոխադրման գործընթացներում կամ պայմանավորված մաքսային ընթացակարգերի կիրառմամբ կամ ուշացումը պայմանավորված է այլ այնպիսի գործընթացներով, որոնք չեն իրականացվում անմիջականորեն Կորպորացիայի և/կամ Հայփոստի կողմից:

9) Կորպորացիան պարտավորվում է օրենքով սահմանված կարգով մաքսային կամ իրավասու այլ մարմիների կողմից առաքանիների առգրավման կամ բռնագրավման կամ ոչնչացման, հետագա առաքման արգելքի կամ որոշակի ժամանակահատվածում պահման կամ բնականոն փոստային առաքման համար որևէ այլ խոչընդոտի ի հայտ գալու դեպքերում Ձեր պահանջով իր հնարավորությունների սահմաններում աջակցել Ձեզ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

34. Կողմերն ընդունում և հավաստում են, որ սույն Պայմանագրի շրջանակներում ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ պարտադիր պայմանների պահպանմամբ.

1) Ձեր կողմից Ձեր անհատական հաշվում տեղադրված կամ սույն Պայմանագրին կից Հայտարարագրում լրացված էլեկտրոնային փոստի հասցեից Ձեր ուղարկած ցանկացած տեղեկություն կամ հանձնարարություն Կորպորացիայի կողմից կհամարվի Ձեզնից ստացված, քանի դեռ Դուք Կորպորացիային չեք տեղեկացրել անհատական հաշվից կամ էլեկտրոնային փոստից ստացված հաղորդագրություններին չարձագանքելու կամ դրանք անտեսելու մասին: Դուք պարտավորվում եք գաղտնի պահել անհատական հաշվի մուտքի և էլեկտրոնային փոստի գաղտնաբառերը և մուտքի ցանկացած այլ հնարավորությունները՝ երաշխավորելով անհատական հաշվից կամ էլեկտրոնային փոստից ստացված հաղորդագրությունների, հանձնարարականների կամ տեղեկատվության ուղարկումն անձամբ Ձեր կողմից:

2) Կորպորացիան երաշխավորում է, որ իր պաշտոնական էլեկտրոնային փոստից կամ իր ծրագրային ապահովման համակարգից Ձեր անհատական հաշվին կամ էլեկտրոնային փոստին ուղարկված ցանկացած հաղորդագրություն (այդ թվում՝ համակարգի կողմից ավտոմատ կարգով գեներացված հաղորդագրություն) համարվում է Կորպորացիայի կողմից ուղարկված, և Կորպորացիան հետագայում չի կարող հրաժարվել դրանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կորպորացիան նախապես ծանուցել է Ձեզ համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեից կամ համակարգից ստացված հաղորդագրությունները, ծանուցումները կամ տեղեկատվությունն անտեսելու կամ դրանց չարձագանքելու մասին:

3) Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ սույն Պայմանագրով սահմանված էլեկտրոնային կարգով ստացված տեղեկությունը, հաղորդագրությունը կամ հանձնարարականը հավասարեցված է փաստաթղթային եղանակով ստացված տեղեկատվության, ընդ որում՝ Կողմերը միմյանց էլեկտրոնային փոստի հասցեներից կամ Ձեր անհատական հաշվի և Կորպորացիայի համակարգի միջոցով ստացված տեղեկությունները համարում են նույնականացված և հավասարեցնում են փաստաթղթային կարգով կազմված գրավոր փաստաթղթին, որն ստորագրված կամ այլ կարգով նույնականացված է այն ուղարկող Կողմի կողմից:

Գլուխ 8

Անհատական հասցեն կիրառելու ընդհանուր կանոնները

35. Անհատական հասցեն Դուք կարող եք կիրառել հետևյալ հիմնական ուղղություններով.

1) ԱՄՆ կամ այլ երկրների էլեկտրոնային կայքերից հեռակա վաճառքի կանոններով, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի միջոցով ապրանքներ գնել՝ որպես ստացողի հասցե նշելով սույն Պայմանագրի կնքման արդյունքում տրամադրած անհատական հասցեն,

2) ԱՄՆ-ում կամ այլ երկրներում բնակվող կամ գործունեություն իրականացնող անձանցից առաքանիներ ստանալ անհատական հասցեով, այդ թվում՝ առաքանիները ստանալ ինչպես փոստային կամ սուրհանդակային կամ այլ փոխադրումների միջոցով, այնպես էլ Առաքանին Կորպորացիայի սպասարկման գրասենյակներին հանձնելու միջոցով:

36. ԱՄՆ-ում Կորպորացիայի սպասարկման գրասենյակների ցանկը և հասցեներն ու կապի միջոցները հրապարակվում են www.haypost.am և www.haypost-usa.com կայքերում:

37. Հեռակա վաճառքի կանոններով ապրանքներ գնելու դեպքում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի կանոններով ապրանքներ գնելիս Դուք կարող եք ապրանքների գնման մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկատվությունը և ապրանքների գնման արդյունքում վաճառողի տրամադրած հաշվարկային փաստաթուղթը գնումը կատարելուց անմիջապես հետո տրամադրել Կորպորացիային՝ տեղեկությունների գրանցման համապատասխան գործողություններ կատարելով անհատական հաշվում: Նշվածի արդյունքում Կորպորացիան անմիջապես կտեղեկանա համապատասխան սպասվող Առաքանու վերաբերյալ, և Առաքանու ստանալուց հետո Առաքանու ընդունման, ձևակերպման, մշակման ու հետագա առաքման գործընթացները կկատարվեն էականորեն ավելի կարճ ժամանակահատվածում:

38. Առաքանիների վերաբերյալ նախնական տեղեկատվության չներկայացման դեպքում Կորպորացիան կիրականացնի սույն Պայմանագրով սահմանված անհրաժեշտ գործընթացները:

39. Անհատական հասցեի կիրառման հնարավորությունների մասին մանրամասն տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի www.haypost.am և www.haypost-usa.com կայքերի միջոցով:

40. Անհատական հասցեին ուղարկված և մուտքագրված առաքանիները Դուք հնարավորություն ունեք ուղարկել ինչպես Ձեր անվամբ՝ Հայտարարագրում նշված Ձեր հասցեով, այլև՝ այդ նույն հասցեով, սակայն Ձեր կողմից նշված այլ անձի: Այդ նպատակով Դուք պետք է իրականացնեք Կայքի ցուցումներին համապատասխան գործողություններ՝ նշելով առաքանին ստացողի տվյալները:

Գլուխ 9

Առաքանիների ընդունման, մշակման, ձևակերպման, փոխադրման և առաքման ընթացակարգը

41. Ձեր անհատական հասցեով ստացված փոստային առաքանին Կորպորացիան իր մոտ գործող ընթացակարգերին և Ձեր հետ կնքված սույն Պայմանագրի դրույթներին ու պայմաններին համապատասխան ձևակերպում է որպես Գնահատված ծանրոց, եթե ապրանքների գները պարզվում և լրացվում են սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան, կամ պատվիրված (գրանցվող) ծանրոց, եթե սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան ուղարկվող ապրանքները կամ իրերը նախկինում օգտագործված իրեր են կամ նվերներ են կամ այլ պատճառներով Ձեզնից հստակ հանձնարարություն է ստացվել առաքանին ուղարկելու առանց գների նշման:

42. Առաքանիների ընդունման և ձևակերպման նպատակով Կորպորացիայի իրավասու աշխատակիցներն իրականացնում են հետևյալ գործընթացները.

1) Կորպորացիայի համապատասխան աշխատակիցը համակարգչային ծրագրում ակտիվացնում է ստացված Առաքանիների գրանցման պատուհանը,

2) Առաքանիների գրանցման պատուհանի արտաբերած ծրագրի մասում ծրագրի ցուցումներին համապատասխան աշխատակիցը լրացնում է ստացված Առաքանու վրա նշված անհատական հասցեին կից ունիկալ համարը, որից հետո իրականացնում է Ձեր նույնականացումը հաջորդ կետով ներկայացված նույնականացման ընթացակարգին համապատասխան:

43. Նույնականացման ընթացակարգ իրականացնելիս ապահովվում են հետևյալ գործողությունները՝

1) բացվում է Ձեր անհատական հասցեն պարունակող անձնական հաշիվը,

2) աշխատակիցը ստուգում է Ձեր անուն, ազգանունը՝ համեմատելով առաքանու վրա նշված տվյալների հետ,

3) եթե համեմատության արդյունքում պարզվում է, որ ունիկալ համարին համապատասխանող անունը և ազգանունը տարբեր են, աշխատակիցը՝ զանգերի կենտրոնի կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով իրականացնում է Հաճախորդի նույնականացման անհրաժեշտ գործողություններ,

4) այն հաճախորդը, որն ուղարկում է առաքանին նույնականացնելու վերաբերյալ անհրաժեշտ և բավարար տվյալներ, համարվում է նույնականացված հաճախորդ, և աշխատակիցը շարունակում է առաքանու մշակման գործընթացը սույն փաստաթղթում ներկայացված ընթացակարգին համապատասխան:

44. Նույնականացված հաճախորդի անձնական հաշվում տվյալների գրանցման գործընթացն իրականացվում է հետևյալ ընթացակարգին համապատասխան.

1) Ծրագրի ցուցումներին համապատասխան նույնականացված հաճախորդի անհատական հաշվում աշխատակիցը լրացնում է հետևյալ տվյալները՝

ա) ում կողմից է ուղարկվել առաքանին,

բ) առաքանու քաշը,

գ) առաքանու չափերը,

դ) սքանավորում է առաքանին ուղարկելու համար նախատեսված գծանիշ պիտակը, որը միևնույն համարով և վավերապայմաններով լինում է երկու օրինակից,

2) ստուգում է՝ արդյոք առաքանու արտաքին մասում փակցված է առաքանու ներդրանքի մասին հաշվարկային փաստաթուղթ, և առկայության դեպքում վերցնում է հաշվարկային փաստաթուղթը՝ սույն ենթակետով սահմանված համապատասխան ձևակերպումները կատարելու նպատակով,

3) բացում է առաքանին,

4) եթե առաքանու արտաքին մասում հաշվարկային փաստաթուղթ առկա չէ (փակցված չէ), ապա հաշվարկային փաստաթուղթը փնտրում է առաքանու ներդրանքում,

5) եթե առաքանու ներդրանքից կամ առաքանու արտաքին մասից հայտնաբերում է առաքանու ներդրանքի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթը, ապա համեմատում է հաշվարկային փաստաթղթում ապրանքների վերաբերյալ տվյալները առաքանու ներդրանքում փաստացի առկա ապրանքների հետ,

6) համեմատության արդյունքում, եթե հաշվարկային փաստաթղթի տվյալները համապատասխանում են փաստացի ներդրանքին, ապա ծրագրի համապատասխան մասում մանրամասն լրացնում է առաքանու ներդրանքի վերաբերյալ տվյալները՝ հիմք ընդունելով հաշվարկային փաստաթղթերի տվյալները, այն է՝ ապրանքի անվանումը, քանակը, արժեքը և ծրագրի ցուցումներին համապատասխան այլ տվյալներ,

7) եթե առաքանին պարունակում է մեկից ավելի ապրանքներ, ապա ծրագրի համապատասխան մասում լրացնում է յուրաքանչյուր ապրանքի անվանումը, քանակը, արժեքը և այլ տվյալներ՝ ծրագրի ցուցումներին և հաշվարկային փաստաթղթում առկա տվյալներին համապատասխան,

8) եթե առաքանին ուղեկցող փաստաթղթերում կամ բացված առաքանու ներդրանքում առկա չէ հաշվարկային փաստաթուղթ, որից հնարավոր կլիներ լրացնել վերը նշված տվյալները, ապա աշխատակիցը հաղորդագրություն է ուղարկում Ձեզ հաշվարկային փաստաթղթի բացակայության մասին՝ առաջարկելով արժեք որոշել առաքանու ներդրվածքի համար՝ հետագա փոխադրման և առաքման գործընթացները կարգավորելու նպատակով,

9) եթե առաքանին բացելուց և առաքանու ուղեկցող հաշվարկային փաստաթղթի ու փաստացի ապրանքների համեմատությունը կատարելուց հետո աշխատակիցը հայտնաբերում է, որ հաշվարկային փաստաթղթում նշված ապրանքներից որոշները փաստացի առկա չեն, ապա ապրանքների քանակի անհամապատասխանության մասին անհապաղ հաղորդագրություն է ուղարկում Ձեզ՝ հետագա ցուցումներ ստանալու նպատակով,

10) Ապրանքների քանակի անհամապատասխանության մասին հաղորդագրության վերաբերյալ Ձեր պատասխանը ստանալուց հետո աշխատակիցը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

ա) Ձեր ցուցումներին համապատասխան կապ է հաստատում առաքանին ուղարկողի հետ և Ձեր անունից ներկայացնում է անհամապատասխանության պահանջներ՝ հետագայում ընթացքի մասին տեղեկացնելով Ձեզ և անհրաժեշտության դեպքում Ձեզ տրամադրելով առաքանին բացելու ընթացքի տեսաձայնագրությունը,

բ) Ձեր ցուցումներին համապատասխան՝ փաթեթավորում է փաստացի առկա ապրանքները և սույն Պայմանագրով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ առաքանիները հանձնում է փոխադրման,

գ) ապրանքները փաթեթավորում է ստացված փաթեթով (եթե դա հնարավոր է) կամ փաթեթավորում է նոր տուփում և փոստային առաքմամբ հետ է առաքում ուղարկողին՝ փաթեթի մեջ դնելով ուղարկողի կողմից ուղարկված ապրանքների անհամապատասխանության ակտը՝ կազմված և ստորագրված Կորպորացիայի պատասխանատուներին կողմից,

11) Եթե հաշվարկային փաստաթղթի բացակայության վերաբերյալ Ձեզ ուղարկված հարցմանն ի պատասխան Դուք պահանջ եք ներկայացնում առաքանու ներդրանքի անհամապատասխանության մասին, ապա աշխատակիցը Ձեր ցուցումներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործողությունները՝

ա) Ձեր ցուցումներին համապատասխան՝ կապ է հաստատում առաքանին ուղարկողի հետ և Ձեր անունից ներկայացնում է անհամապատասխանության պահանջներ՝ հետագայում ընթացքի մասին տեղեկացնելով Ձեզ, ինչպես նաև Ձեզ տրամադրելով առաքանին բացելու ընթացքի տեսաձայնագրությունը,

բ) Ձեր ցուցումներին համապատասխան՝ փաթեթավորում է փաստացի առկա ապրանքները և սույն փաստաթղթով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ իրականացնում դրանց առաքումը Հայաստանի Հանրապետություն,

գ) ապրանքները փաթեթավորում է ստացված փաթեթով (եթե դա հնարավոր է) կամ փաթեթավորում է նոր տուփում և փոստային առաքմամբ հետ է առաքում ուղարկողին՝ փաթեթի մեջ դնելով ուղարկողի կողմից ուղարկված ապրանքների անհամապատասխանության ակտը՝ կազմված և ստորագրված Կորպորացիայի պատասխանատուներին կողմից,

12) ապրանքների մասին Ձեր կողմից տրամադրված տվյալները (հաշվարկային փաստաթուղթը, հաշիվ ապրանքագիրը և այլն) աշխատակիցը մուտքագրում է Ձեր անհատական հաշվի համապատասխան դաշտում,

13) եթե Դուք ապրանքների ձեռքբերման մասին հաշվարկային փաստաթուղթը չեք ուղարկում և չեք նշում ապրանքների արժեքները (ընդ որում՝ արժեքնեի մասին տեղեկություն չներկայացնելու վերաբերյալ Դուք պետք է հստակ նշում կատարեք), ապա Ձեր համաձայնությամբ ապրանքների անվանումներն ու քանակները աշխատակցի կողմից լրացվում են (ծրագիր մուտքագրվում են) ըստ առաքանու փաստացի ներդրանքի, իսկ արժեքների մասը չի լրացվում: Հաճախորդի հանձնարարության հիման վրա արժեքների մասում կարող է գրվել «Նվեր» նշումը կամ փոստային կանոններով թույլատրվող այլ նշում: Եթե ապրանքներն ստացվել են առանց գործարանային փաթեթավորման կամ առանց պիտակների, և ակնհայտորեն երևում է, որ առաքանու ներդրանքը պարունակող ապրանքները նախկինում օգտագործված ապրանքներ են, ապա Ձեր համաձայնությամբ և հանձնարարությամբ մաքսային հայտարարագրում աշխատակցի կողմից կատարվում են անհրաժեշտ գրառումներ՝ նշելով կամ առանց նշելու ապրանքների արժեքները: Կորպորացիայի կողմից Դուք տեղեկացվում եք, որ ապրանքների գների մասին նշում չկատարելը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին կարող է լրացուցիչ պահանջների առաջադրման հիմք հանդիսանալ՝ ապրանքների հայտարարագրման և մաքսազերծման գործընթացներում:

45. Նախորդ կետերում սահմանված գործողությունները կատարելուց հետո, համոզվելով, որ Հաճախորդի անհատական հաշվում լրացված են անհրաժեշտ բոլոր տվյալները, աշխատակիցը էլեկտրոնային կարգով ներկայացնում է հաշվարկված սակագինը, որը Դուք պարտավոր եք վճարել ոչ ուշ, քան ծանուցումը ստանալուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

46. Վճարման մասին հաշիվը ստանալուց հետո Վճարումը չկատարելու դեպքում Դուք պարտավոր կլինեք Կորպորացիային վճարել առաքանու պահման վճար, որը կհաշվակվի սահմանված սակագներին համապատասխան՝ հաշիվը ներկայացնելուց հետո 5(հինգ) աշխատանքային օրը լրանալուց հետո:

47. Առաքանիների ուղարկման համար Ձեր կողմից իրականացման ենթակա և սույն Պայմանագրով նախատեսված անհրաժեշտ գործընթացները չիրականացնելու դեպքերում Դուք կծանուցվեք համապատասխան գործընթացների իրականացման անհրաժեշտության մասին: Եթե ծանուցումն ուղարկելուց հետո 5(հինգ) աշխատանքային օրը լրանալուն հաջորդող Դուք պարտավոր կլինեք Կորպորացիային վճարել առաքանու պահման վճար, որը կհաշվակվի սահմանված սակագներին համապատասխան:

48. Առաքանու պահումը Կորպորացիայի կողմից կիրականացվի ոչ ավել, քան 21(քսանմեկ) աշխատանքային օր, որի ընթացքում յուրաքանչյուր օրվա համար կհաշվարկվի պահման վճար՝ www.shopin.am կայքում հրապարակված սակագներին համապատասխան:21(քսանմեկ) աշխատանքային օրը լրանալուց հետո, եթե այդ ընթացքում Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը չեք տնօրինի առաքանին, ապա Կորպորացիան կարող է իր հայեցողությամբ հետ ուղարկել առաքանին այն ուղարկողին, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ վաճառքի հանել առաքանին՝ Կորպորացիայի կատարած ծախսերը և պահման վճարը հատուցելու նպատակով: Վաճառքի գինը կորոշվի Կորպորացիայի կողմից միանձնյա: Վաճառքի արդյունքում ստացված գումարից Կորպորացիան կպահի իր կատարած ծախսերը և պահման արժեքը, իսկ մնացած գումարը Ձեր պահանջով կտրամադրի Ձեզ: Վաճառքի համար սահմանվում է 14(տասնչորս) աշխատանքային օր ժամկետ: Եթե 14(տասնչորս) աշխատանքային օրվա ընթացքում վաճառք չիրականացվի, ապա Կորպորացիան ապրանքը կարող է հանձնել բարեգործական նպատակներով:

Գլուխ 10

Կողմերի պատասխանատվությունը

49. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

50. Կորպորացիան պատասխանատվություն չի կրում, եթե փոստային առաքանիները հասցեատերերին չեն հանձնվել Ձեր կողմից սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող դիմում-հայտարարագրում նշած թերի, ոչ ստույգ կամ ոչ լիարժեք հասցեի կամ հասցեատիրոջ բացակայության, փոստային առաքանին ստանալուց հրաժարվելու, ինչպես նաև Կորպորացիայից կամ «Հայփոստ» ՓԲԸ-ից անկախ այլ պատճառներով:

51. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ընթացքում փոստային առաքանիների կորստի կամ վնասվածքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում առաքման հսկիչ ժամկետների խախտման համար Ձեր կրած վնասները Ձեր պահանջով հատուցվում են «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հետևյալ չափերով.

1) սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ընթացքում առաքանիների կորստի կամ վնասվածքի համար Ձեր կրած վնասները Ձեր պահանջով հատուցվում են Կորպորացիայի կողմից սույն ենթակետում ներկայացված հետևյալ չափերով և պայմաններով: ՀՀ-ում փոխհատուցումը կարող է տրամադրվել Հայփոստի կողմից՝ Կորպորացիայի հանձնարարության հիման վրա.

Մենք չենք տրամադրում որևէ երաշխիք՝ ինչպես ուղիղ, այնպես էլ ենթադրյալ: Լրացուցիչ ապահովագրություն ձեռք չբերելու դեպքում, կորած կամ վնասված առաքանիների համար մեր պատասխանատվությունը սահմանափակվում է առավելագույնը 21 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր կիլոգրամի համար գումարած Կորպորացիային տեղափոխման համար վճարված ամբողջ գումարի չափով:

Կորպորացիան պատասխանատվություն չի կրում բեռնափոխադրման ընթացքում վնասված հեղուկ պատվերների համար:

2) Հայաստանի Հանրապետությունում առաքանիների հանձնման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում «Հայփոստ» ՓԲԸ-ն Ձեզ հատուցում է Կորպորացիայի կողմից սահմանված փոստային առաքման սակագնի նկատմամբ հաշվարկված ծառայության վճարի օրական 0.3 (զրո ամբողջ երեք) տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ծառայության դիմաց հաշվարկված ծառայության վճարի չափը: Սույն կետով սահմանված հսկիչ ժամկետների հաշվարկը սկսվում է մաքսային հսկողությունն անցած ծանրոցները «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնվելու պահից: Հսկիչ ժամկետների սահմանումներն ու դրանց հաշվարկման կարգը սահմանված է Փոստային կապի մասին ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված համապատասխան նորմատիվ իրավական ակտերով: Սույնով Դուք ընդունում եք այն պայմանը, որ Հայաստանի Հանրապետությունում փոստային առաքման հսկիչ ժամկետների խախտման դեպքերում Կորպորացիային կամ «Հայփոստ» ՓԲԸ-ին ներկայացվող պահանջների չափը սահմանափակվում է վնասների հատուցման սույն Դրույթներով և պայմաններով սահմանված չափով:

3) Մինչև Հայաստանի Հանրապետություն առաքանիների՝ սույն Պայմանագրով հրապարակված (www.shopin.am կայքում տեղադրված) փոխադրման և/կամ առաքման ժամկետները խախտվելու դեպքում Կորպորացիան որևէ պատասխանատվություն չի կրում:

4) Փոստային կապի գաղտնիության հրապարակման դեպքերում, եթե ապացուցվում է, որ այդպիսի հրապարակումը կատարվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կամ Կորպորացիայի մեղքի առկայությամբ, ապա «Հայփոստ» ՓԲԸ-ն պարտավորվում է Հաճախորդին հատուցել կրած վնասները՝ տվյալ առաքանին Հայաստանի Հանրապետություն փոխադրելու համար Հաճախորդի վճարած սակագնի չափով: Սույնով Հաճախորդը ընդունում է այն պայմանը, որ փոստային ծառայության գաղտնիության բացահայտման դեպքում Կորպորացիային կամ «Հայփոստ» ՓԲԸ-ին ներկայացվող պահանջների չափը սահմանափակվում է վնասների հատուցման սույն Դրույթներով և պայմաններով սահմանված չափով:

52. Կողմերը՝ Դուք և Կորպորացիան, համաձայնության եք գալիս, որ սույն Դրույթներով և պայմաններով սահմանված վնասների հատուցման չափերից բացի՝ Կորպորացիան, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ն որևէ այլ պատասխանատվություն չեն կրում, այդ թվում իրական վնասների կամ բաց թողնված օգուտների կամ չստացված եկամուտների հատուցման կամ տուժանքների առաջադրման այլ պահանջներ Դուք չեք կարող ներկայացնել Կորպորացիային կամ վերջինիս գործընկեր «Հայփոստ» ՓԲԸ-ին կամ փոխադրող կազմակերպություններին: Դուք սույն պայմանագրի կնքմամբ տալիս եք Ձեր համաձայնությունն առ այն, որ առաքանու կորստի, վնասվածքի, Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ ժամկետների խախտման կամ փոստային կապի գաղտնիության բացահայտման բոլոր դեպքերում պահանջները կներկայացվեն «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների կամ www.haypost.am կայքի համապատասխան հնարավորությունների միջոցով, ինչի արդյունքում կապահովվեն Ձեր դիմում, բողոք-պահանջների ընդունումն ու դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների կատարումը՝ Կորպորացիայի կողմից հրապարակված բողոք-պահանջների սպասարկման ընթացակարգին համապատասխան: Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը, որ վնասների հատուցումը սույն Պայմանագրով սահմանված չափերով և կարգով իրականացվելու է «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով՝ հաշվի առնելով հաճախորդների սպասարկման համար պատշաճ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը:

53. Եթե Ձեր անհատական հասցեով ստացվել են ծանրոցներ, որոնց ձևաչափերը, չափսերը կամ քաշը չեն համապատասխանում սույն կայքում սահմանված պայմաններին, կամ առաքանիներում առկա են արգելված կամ սահմանափակված իրեր և առարկաներ, որոնց արգելված լինելու մասին Դուք տեղեկացված եք եղել կայքի միջոցով՝ Ձեր անհատական հաշվում տեղադրված համապատասխան հնարավորությունների կիրառմամբ, նման դեպքերում Կորպորացիան Ձեզ կարող է ներկայացնել սակագներով սահմանված լրացուցիչ վճարներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան առաքանիների նկատմամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու համար: Ամեն դեպքում, Դուք չպետք է փորձեք օգտվել ինչպես ՇոփԻն ծառայությունից, այնպես էլ Հայփոստի առաքման ծառայությունից՝ Վտանգավոր կամ արգելված ապրանքներ պարունակող արգելված որևէ առաքանու առաքման համար: Դուք եք պատասխանատվություն կրում գնահատելու, թե արդյոք առաքման պատրաստվող առաքանիները դասակարգվում են կամ կարող են դասակարգվել Վտանգավոր կամ արգելված ապրանքների շարքում, և/կամ արդյոք դրանք ծանրոցներ են, որոնք ստացման երկրի օրենքներով արգելված կամ սահմանափակման ենթակա ապրանք են ներկայացնում: Հայփոստը տեղեկատվություն է ապահովում Վտանգավոր կամ արգելված ապրանքների մասին, բայց Հայփոստը չի երաշխավորում, որ ներկայացվող տեղեկությունները լիարժեք են կամ թարմացված, Հայփոստը նաև պատասխանատվություն չի կրում փոստով Վտանգավոր կամ արգելված ապրանքներից որևէ մեկն ուղարկելու կամ ուղարկման փորձի հետևանքների համար: Ձեր կողմից փոխհատուցում կկիրառվի հօգուտ Հայփոստի այն դեպքում, երբ Արգելված առաքանիների կամ Վտանգավոր կամ արգելված ապրանքների առաքումը հանգեցնի դրանց կորստին կամ վնասմանը:

54. Կորպորացիան պատասխանատվություն չի կրում, եթե նախօրոք՝ մինչև առաքման գումարի վճարումը, հեռախոսազանգի կամ էլեկրոնային նամակի միջոցով հաճախորդը պահանջում է փոստային առաքանիների հավելյալ վերափաթեթավորում կամ կոնսոլիդացում, մասնավորապես՝ հաճախորդի պահանջով փոստային առաքանին իր սկզբնական տուփից մեկ այլ տուփի տեղափոխումը:

Գլուխ 11

Առաքանիների առավելագույն քաշերը, թույլատրելի ներդրվածքը, առավելագույն և նվազագույն չափերը,

55. Առաքանին, որն առաքվում է սույն Պայմանագրի շրջանակներում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրանքի և առավելագույն ու նվազագույն չափերի այն պահանջներին, որոնք ներկայացված են Կորպորացիայի կայքում:

56. Առաքանին Մեր կողմից կձևակերպվի «Հայփոստ» ՓԲԸ-ի սահմանած ձևաչափերին համապատասխան, որպեսզի հնարավոր լինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում դրանց փոստային կանոններով սահմանված կարգով ընդունման, տեսակավորման, փոխադրման և առաքման գործընթացները:

Գլուխ 12

Գաղտնիություն

57. Սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ընթացքում Կորպորացիան պարտավորվում է ապահովել Ձեր փոստային ծառայություններից օգտվելու գաղտնիության իրավունքը՝ համաձայն ԱՄՆ և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և այլ իրավական ակտերի:

58. Կորպորացիան պարտավորվում է որևէ ձևով երրորդ անձանց չհայտնել և այլ կերպով չհրապարակել Ձեր վերաբերյալ իրեն հայտնի տվյալները (բնակության հասցե, գտնվելու վայր և այլն)՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգով նշված տեղեկատվության տրամադրման Կորպորացիայի պարտավորության դեպքերի:

59. Դուք պարտավորվում եք չհրապարակել սույն պայմանագրով ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ չճշտված և ոչ հավաստի այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել Կորպորացիայի համբավին և հանգեցնել սպառողների մոտ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ոչ հավաստի կարծիքի ձևավորմանը:

Գլուխ 13

Սակագներ

60. Սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների գները (սակագները) պետք է սահմանվեն և (կամ) փոփոխվեն Կորպորացիայի կողմից:

61. Սահմանված գները (սակագները) Ձեզ կներկայացվեն www.shopin.am կայքի կամ Կորպորացիայի սպասարկման գրասենյակների միջոցով: Գների (սակագների) հետագա փոփոխությունների դեպքում Դուք դրանց մասին կտեղեկանաք Շոփինի կայքից: